ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը․
«Տիկին նախագահող, միանալով գործընկերներիս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ալբանիայի նախագահությանը՝ այս մեկ տարում կազմակերպությունում ներդրած համառ ջանքերի և կազմակերպությունը ղեկավարելու համար։
2020-ը նշանավորվեց կորոնասիրուսային համավարակով պայմանավորված աննախադեպ մարտահրավերներով և դրանց ծանր հետևանքներով։ Այնուհանդերձ, Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական ներգրավմամբ սանձազերծված պատերազմը Արցախի և Հայաստանի ժողովրդի համար ձևավորեց առավել ծանր իրավիճակ: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան, բացահայտ արհամարհելով իրենց միջազգային պարտավորությունները և խախտելով ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած հանձնառությունները, շարունակում էին ռազմական գործողությունները՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերը, ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված երեք պայմանավորվածությունները և միջազգային հանրության հաստատակամ կոչերը: Ագրեսիան ուղեկցվում էր զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող միջազգային օրենքների և սովորույթների բազմաթիվ կոպիտ խախտումներով, պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների սպանություններով, նրանց նկատմամբ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով, դիակների անարգմամբ և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով, որոնց վերջնանպատակը հայ ժողովրդի էթնիկ զտումն էր իր իսկ պատմական հայրենիքում: Այս համատեքստում մենք ողջունում ենք Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման և վերացման մասին նախարարական խորհրդի որոշման նախագծի շուրջ ձեռք բերված կոնսենսուսը՝ դա համարելով այս նախարարական հանդիպման ամենակարևոր արդյունքը:
Ցանկանում եմ ընդգծել ՌԴ ջանքերը և Վլադիմիր Պուտինի անձնական ներգրավվածությունը հրադադարի հաստատման և պատերազմի դադարեցման գործում, այդ թվում՝ տեղում խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով: Մենք նաև շնորհակալ ենք Ֆրանսիային և ԱՄՆ-ին հրադադարին հասնելու գործում ներդրած ջանքերի և ներգրավվածության համար:
Ադրբեջանի և իր դաշնակիցների գործողությունները նաև նոր վտանգավոր նախադեպ են ստեղծել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում հակամարտային իրավիճակների հասցեագրման առումով:
Առաջինը Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրումը, տեղափոխումը և տեղակայումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչը օտարերկրյա զինյալ ահաբեկչության երևույթի դեմ պայքարի ԵԱՀԿ հանձնառությունների կոպիտ խախտում է։ Սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում հակամարտության համատեքստում ԵԱՀԿ երկու մասնակից պետություն իրենց զինված ուժերը համալրելու նպատակով տեղակայում են զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ. փաստ, որն արձանագրվել է ոչ միայն ԵԱՀԿ մասնակից պետություններից շատերի, այլև ՄԱԿ համապատասխան կառույցի կողմից:
Երկրորդ, Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան մեծապես հրահրվել և քաղաքական ու ռազմական աջակցություն է վայելել Թուրքիայի ղեկավարության կողմից՝ ի ցույց դնելով Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում և անդին:
Երրորդ, Ադրբեջանն ու իր դաշնակիցները սանձազերծեցին պատերազմ Արցախի դեմ՝ կեղծորեն պնդելով ուժի կիրառման օրինականության վրա, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է: Ավելին, Ադրբեջանը և Թուրքիան այժմ պնդում են, որ ուժի կիրառման, ագրեսիայի և պատերազմի, միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի լայնամասշտաբ խախտումների, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը պետք է համարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում։ Խստորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը և չենք ընդունելու Արցախի ժողովրդին իր իրավունքներից զրկելու որևէ փորձ: Չնայած այսօր էլ հնչեցված հավաստիացումներին՝ Արցախի՝ Ադրբեջանի կողմից վերջերս օկուպացված տարածքներում հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ այն սակավաթիվները, ովքեր մնացել են՝ սպանվել կամ խոշտանգվել և վտարվել են իրենց պատմական հայրենիքից ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այս իրողությունը հստակորեն վկայում է, որ Արցախի հայերը չեն կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո:
Հակամարտության՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումն ընդգրկում է․
Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը,
Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան,
վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր,
Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:
«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը պետք է իրականացվեն առանց որևէ հապաղման:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի հանգեցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորմանը: Միայն քաղաքական և բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան։
Միաժամանակ, այդ նպատակին հասնելու համար Թուրքիան, որի՝ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը հայտնի է, պետք է հրաժարվի իր ապակայունացնող քաղաքականությունից և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը։ Այս համատեքստում կոչ ենք անում ԵԱՀԿ մասնակից բոլոր պետություններին շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ իր զինված անձնակազմն իր հետ առնչություն ունեցող ահաբեկչական խմբավորումների հետ միասին դուրս բերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և Հարավային Կովկասից: Առայժմ չկա որևէ ազդակ, որ օտարերկրյա զինյալ ահաբեկիչները դուրս են բերվում հակամարտության գոտուց: Ընդհակառակը, հավաստի տեղեկություններ կան Ադրբեջանի կողմից զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրության ընդլայնման և Արցախի օկուպացված շրջաններում նրանց վերաբնակեցման ծրագրերի մասին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ մեխանիզմն է: Այս համատեքստում մենք դրական ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ այսօր ավելի վաղ արված հայտարարությունը, որը ևս մեկ անգամ ի ցույց է դնում համանախագահ երկրների միասնականությունը և հաստատակամությունը հակամարտության՝ բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղ կարգավորման գործում: Մենք նաև համակարծիք ենք, որ բոլոր օտարերկրյա վարձկանները, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են բերվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, պետք է ամբողջությամբ և անհապաղ դուրս բերվեն տարածաշրջանից:
Ամփոփելով՝ կցանկանայի ողջունել Շվեդիային՝ որպես գալիք նախագահող, և մաղթել ամենայն հաջողություն։ Շնորհակալություն»։